Մեկնարկել է ԲերքաԶորաՀավաք ~ BerkaZoraHavak նախաձեռնություն, որի շրջանակներում բերք ենք հավաքում՝
- Արցախ ուղարկելու և այստեղ ապաստանած արցախցիներին սննդով ապահովելու նպատակով,
- Պահածոներ պատրաստելու, հետագայում նաև Արցախ ուղարկելու և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին տրամադրելու համար:
Սակայն մեզ տրամադրված դաշտերում բերքը շատ է, և շատ ափսոս է, որ ոչ ամբողջությամբ հավաքվի և փչանա դաշտերում: Դիմում ենք ձեզ՝ միանալու մեր հերթական նախաձեռնությանը. մասնակցի'ր բերքահավաքին, գնի'ր գյուղացուց՝ ՇԱՏ ԷԺԱՆ գնով և օգնի'ր արցախցիներին։
Եվ շատ կարևոր է ամեն ինչ անել հնարավորինս շուտ և արագ, քանի դեռ եղանակը թույլ է տալիս, և բերքը չի փչացել:
Ինչպես կազմակերպել.
1. Արի' բերքահավաքի և գնի'ր գյուղացուց:
Եթե դուք ներկայացնում եք որևէ կազմակերպություն, միացե'ք թիմով, մասնակցե'ք բերքահավաքին, վճարե'ք գյուղացուն ՇԱՏ ԱՎԵԼԻ ՔԻՉ, քան կվճարեիք շուկայից նույնքան բերք գնելու համար, և այդ բերքը տրամադրե'ք արցախցիներին կամ կարող եք պահեստավորել՝ իրականացնելով համապատասխան մշակման փուլեր։
2. Կազմակերպե'ք արցախցիների մասնակցությունը բերքահավաքին:
Եթե դուք արցախցիներին ապաստանով և սննդով ապահովող նախաձեռնություն եք, կարող եք կազմակերպել և իրականացնել արցախցիների խմբերի տեղափոխում բերքահավաքի վայր («Բերքահավաք» թիմը կօգնի այդ հարցում), հավաքել բերք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա համար։
3. Օգնե'ք արցախցիներին սննդով:
Եթե դուք կազմակերպություն եք և չեք կարող գալ բերքահավաքի, ապա կարող եք վճարել արցախցիների հավաքած բերքի համար:
Ընդ որում, եթե դաշտի կամ այգու տերը գտնվում է առաջնագծում, մենք դրանով նաև նրան և նրա ընտանիքին կօգնենք: Նրանց բերքը կգնվի ավելի թանկ գնով, քան մյուս գյուղացիներից, սակայն միևնույն է, ավելի էժան, քան շուկայից գնելու դեպքում: Այսինքն` նույն գումարի սահմաններում հնարավոր է ավելի շատ բերք ունենալ և նաև թույլ չտալ, որ բերքը, հատկապես առաջնագծում գտնվողներինը փչանա:
Ովքեր ցանկանում են միանալ, կարող են այս ֆեյսբուքյան գրառման մեկնանությամբ նշել, թե որ կետով են իրենք միանալու, օրինակ, եթե նախաձեռնություն են և կարող են ապահովել արցախցիների խմբի մասնակցությունը բերքահավաքին, ապա նշեն 2-րդ կետը, եթե պատրաստ են վճարել հավաքված բերքի համար, ապա 3-րդ: Ինչպես նաև կարող են նշել, որ, օրինակ, պատրաստ են տրամադրել տրանսպորտ, վառելիք կամ այլ միջոցներ՝ նախաձեռնությանն աջակցելու համար: